Մեր տեսլականը և առաքելությունը
Տեսնում ենք Հայաստանը ազատ և կենսունակ, անվտանգ ու ապահով, նորարար և մրցունակ:
Հայաստան և Հայ հանրություն, որի համբավն է բարձրորակությունն ու բարձրակարգությունը հանրային և մասնավոր կյանքի բոլոր դրսևորումներում:
Հայաստան, որը Հայ ազգի լիարժեք ինքնիրագործման և զարգացման գլխավոր երաշխավորն է, համայն աշխարհի հայության շահերի կենտրոնն ու պաշտպանը:
Հայաստան, որը պաշտպանն է ազգային կենսատարածքի և ժառանգության ու հետևողական պահանջատերն է մեր հավաքական իրավունքի։
Հայաստան, որը վերականգնել է համաշխարհային քաղաքակրթական հոլովույթներում իր ճանաչված դերն ու հռչակը:
Հայաստան, որը Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ ներդաշնակ և արդյունավետ երկխոսության, մշակութային համադրության կարևոր հանգույց է, որը տալիս է համամարդկային խաղաղ գոյակցության ու կայուն զարգացման բանաձևեր և լուծումներ:
Տեսնում ենք Հայրենիքը Պետություն դարձած և Պետությունը՝ Հայրենիք, որպես միաձույլ մի հասկացություն՝ ՀԱՅԱՍՏԱՆ:
Մեր հիմնարար սկզբունքները
Առաքինություն:
Առաքինությունն է մեր տեսլականի և առաքելության իրագործման հիմնական բանալին: Առաքինություն ասելով մենք հասկանում ենք հավատամքի, խոսքի և գործի միասնություն, պրոֆեսիոնալիզմ ու պատասխանատվություն, բարձրակարգություն և բարձրարժեքություն ամեն ինչում:
Արարում և զարգացում:
Հայության ուղին մշտպես արարելն է, դա մեր ինքնարտահայտման բարձրագույն ձևն է։ Միայն արարման միջոցով է հնարավոր ապահովել երկրի հարատև զարգացումը հինգ հիմնական փոխկապակցված ուղղություններով՝ տնտեսական, բնապահպանական, սոցիալական, հոգևոր և մշակութային: Զարգացումը հարատև է, եթե յուրաքանչյուր սերունդ հաջորդին ժառանգում է ավելի առողջ և բարեկարգ հայրենիք՝ բնություն, բնակավայրեր ու ենթակառույցներ, մշակույթ և ավանդույթ, ոգի ու գենոֆոնդ:
Ազատություն և պատասխանատվություն:
Արարումը հնարավոր է ազատության լիարժեք իրագործման ճանապարհով։ Ազատ ապրելու և զարգանալու իրավունքը անպայմանորեն զուգակցվում է համարժեք պատասխանատվությամբ: Պատերնալիզմը և ամբոխավարությունը ազատությանը հակոտնյա են և մերժելի: Հասարակական-քաղաքական համակարգի հիմքը Ազատ մարդն է՝ իր գիտակից և պատասխանատու ընտրությամբ։
Արդարություն և հավասար հնարավորություններ։
Հայաստանում արդարությունը պետք է երաշխավորված լինի իր բոլոր դրսևորումներով, ներառյալ օրենքի գերիշխանություն, բարձրորակ արդարադատություն, հանրային բարիքների հավասար մատչելիություն և խելամիտ բաշխում։ Հայաստանում քաղաքացիների համար պետք է ապահովված լինեն նպաստավոր պայմաններ և հավասար հնարավորություններ՝ ազատ ստեղծարարության ու բարեկեցության համար։
Անվտանգություն։
Հայ ազգի հավաքական կյանքը սեփական երկրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ երաշխավորված է նրա ներքին և արտաքին անվտանգությունը։ Այն պահանջում է պետության և հասարակության խոր փոխհամաձայնություն, շարունակական աշխատանք ու անվերապահ նվիրում՝ ստեղծելու և զարգացնելու տարածաշրջանում առավել արդյունավետ անվտանգության համակարգ, ներառյալ առավել մարտունակ բանակ: Արտաքին անվտանգության պարագայում հրամայական է նախաձեռնողական քաղաքականության իրականացումը՝ առկա և հետագա վտանգներին ու սպառնալիքներին արդյունավետ հակազդելու նպատակով։ Ազգային պետությունը պետք է անի առավելագույնը միջազգային իրավունքի շրջանակում Հայոց Ցեղասպանությանն ու Հայրենազրկմանը համարժեք փոխհատուցում ստանալու համար և ապահովելու, որ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը ճանաչվի որպես այդ ուղղությամբ առաջին և անվերապահ քայլ։
Մշակութային վերափոխում:
Քաղաքակրթական զարգացումը հանրությունից մշտապես պահանջում է ինքնահաղթահարում, մշակութային վերածնունդ և վերափոխում: Մշակույթը մենք հասկանում ենք իր լայն իմաստով՝ արվեստ և կրթություն, ավանդույթ ու ծես, հաղորդակցության ձևեր, երկխոսություն և համագործակցություն, տնտեսվարում ու պետական կառավարում, քաղաքականություն և պատերազմ: Քաղաքակրթական վերելքը կայուն և արգասավոր կարող է լինել միայն այն դեպքում, երբ հիմնված է բարձր մշակույթ կրող անհատների, հանրության ու հաստատությունների վրա:
Արդիական և արդյունավետ պետություն:
Հայաստանում պետության գործառույթները պետք է կենտրոնանան ազատության, արդարության և անվտանգության երաշխավորման վրա։ Պետությունը պետք է սոցիալական քաղաքականության միջոցով ապահովի հասարակության համաչափ զարգացումը, և հնարավոր նվազագույնի հասցնի իր անմիջական ներգրավվածությունը տնտեսության մեջ։ Պետությունը պետք է առաջնորդի հայության ընդհանրական ազգային նպատակների ձևակերպման գործընթացը և լայն ազգային համաձայնության հիման վրա ապահովի դրանց իրացումը։ Ազգային պետությունը պետք է լինի արդիական, նախաձեռնող և արդյունավետ: