Հիմնադիրներ

Ավետիք Չալաբյան

Համահիմնադիր


Ավետիք Չալաբյանը ծնվել է 1972 թվականին։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ տեսական ֆիզիկա մասնագիտությամբ, այնուհետև գործարար կառավարման մագիստրոսի կոչում է ստացել Հյուսիսային Կարոլինայի համալսարանում: Նախկինում աշխատել է ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարությունում` որպես ԱՀԿ հարցերով վարչության պետ: «ՄաքՔինզի ընդ Քոմփանի» խորհրդատվական ընկերության՝ Մոսկվայի գրասենյակի ավագ տնօրեն է: Ներկայումս համակարգում է ընկերության միջազգային մետալուրգիական ոլորտի գործունեությունը, որի վերաբերյալ բազմաթիվ հետազոտական աշխատանքների և հոդվածների հեղինակ է։ Ավետիք Չալաբյանը 2006 թվականից զբաղվում է ակտիվ հանրային գործունեությամբ, «Արար» և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամների համահիմնադիր է և հոգաբարձու, Հայաստանի զարգացման հիմնական առաջնահերթությունների շուրջ բազմաթիվ հոդվածների և հրապարակումների հեղինակ է։

Արա Գասպարյան

Համահիմնադիր


Արա Գասպարյանը ծնվել է 1970 թվականին։ Ավարտել է Հայկական պետական մանկավարժական ինստիտուտի պատմության ու իրավունքի բաժինը, ՌԴ սոցիալական հարաբերությունների և աշխատանքի ակադեմիան, ինչպես նաև Հայաստանի ամերիկյան համալսարանի միջազգային հարաբերությունների ու քաղաքագիտության մագիստրոսական ծրագիրը: Պատմական գիտությունների թեկնածու է և ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ: Արա Գասպարյանը «Ազգային օրակարգ» հիմնադրամի տնօրենն է։ 2009 թվականից աշխատել է Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներքին անվտանգության վարչությունում` վերջին տարիներին ղեկավարելով ռազմական անվտանգության բաժինը: «5165» ակումբի հիմնադիրներից է:

Արա Հակոբյան

Համահիմնադիր


Արա Հակոբյանը ծնվել է 1962 թվականին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական համալսարանը՝ ստանալով տեսական ֆիզիկոսի որակավորում, ապա Հայաստանի ամերիկյան համալսարանը՝ ստանալով գործարար կառավարման մագիստրոսի կոչում: Արա Հակոբյանը «Ազգային օրակարգ» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է։ Նախկինում եղել է ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հնդկաստանում, Շրի Լանկայում, Նեպալում, Մալայզիայում և Ինդոնեզիայում, աշխատել է ՀՀ վարչապետի խորհրդական՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության և տեղեկատվական տեխնոլոգիաների հետ կապված հարցերով, ՀՀ պետական գույքի կառավարման նախարարի տեղակալ, ՀՀ առևտրի և արդյունաբերության նախարարության միջազգային կազմակերպությունների, օրենսդրության և իրավաբանական գլխավոր վարչության պետ։ Աշխատել է միջազգային կազմակերպություններում, այդ թվում՝ Շվեյցարիայի Ժնև քաղաքում գտնվող Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) քարտուղարության տնտեսական հետազոտությունների և վերլուծությունների վարչությունում որպես տնտեսական հարցերով մասնագետ, «Քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոն»-ի (AEPLAC, TACIS) գործադիր տնօրեն։

Ակտիվ քաղաքական գործունեության ընթացքում հանդիսացել է 1990թ․ ապրիլի 2-ին հռչակված Հայաստանի հանրապետական կուսակցության Հիմնադիր հանձնախմբի անդամ, 1989-1990թթ․ եղել է «Ազգային ինքնորոշում միավորում» (ԱԻՄ) կազմակերպության խորհրդի անդամ և «Անկախության բանակ» ռազմաքաղաքական կազմակերպության կազմում մասնակցել է Հայաստանի սահմանների պաշտպանության մարտերին։

Իգոր Զարգարյան

Համահիմնադիր


Իգոր Զարգարյանը ծնվել է 1965 թվականին։ Ավարտել է Երևանի պետական ճարտարագիտական համալսարանը՝ ինժեներ-էլեկտրիկի որակավորմամբ։ Այնուհետև ուսումը շարունակել է ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում (RANEPA) ստանալով իրավաբանի որակավորում։ 2006 թվականին ճանաչվել է Ռուսաստանի Դաշնության լավագույն 1000 թոփ մենեջերներից։ 2012-2014 թվականներին արդյունաբերական քաղաքականության զարգացման ոլորտում զբաղեցրել է ՀՀ վարչապետի խորհրդականի պաշտոնը։ Իգոր Զարգարյանը «Սոյուզ» բաժնետիրական ընկերության գործադիր տնօրենն է։ Համահիմնադրել է «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը, «Արար» հիմնադրամի հոգաբարձու է և անդամակցում է «5165» ակումբին։

Հայկ Շեկյան

Համահիմնադիր


Հայկ Շեկյանը ծնվել է 1976 թվականին։ Ավարտել է ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետը, այնուհետև ստացել է տնտեսագիտական և կառավարման գիտությունների թեկնածուի կոչում ՌԴ նախագահին կից ժողովրդական տնտեսության և պետական ծառայության ակադեմիայում: Նախկինում աշխատել է ՓՄՁ զարգացման ազգային կենտրոնւմ որպես ֆինանսական աջակցության ծրագրերի ղեկավար, ինչպես նաև զբաղեցրել ղեկավար պաշտոններ հայկական առևտրային բանկերում: Հայկ Շեկյանը «ՇՏԻԳԵՆ» ընկերության հիմնադիրն է, «Արար» հիմնադրամի խորհրդի և «5165» ակումբի անդամ:

Վարդան Մարաշլյան

Համահիմնադիր


Վարդան Մարաշլյանը ծնվել է 1975 թվականին Երևանում։ 1997 թվականին ավարտել է Ռուսաստանի պետական ֆինանսական ակադեմիան մասնագիտանալով միջազգային տնտեսագիտության մեջ։ 2000 թվականին Մոսկվայի պետական համալսարանում ստացել է տնտեսական գիտությունների թեկնածուի աստիճան։ Նա ունի ավելի քան 20 տարվա աշխատանքային փորձ հասարակական, պետական և մասնավոր ոլորտներում։ Մասնավոր սեկտորում նրա փորձառությունը ներառում է բանկային և անշարժ գույքի ոլորտը։ Աշխատել է Ռուսաստանում գործող մի շարք ընկերություններում` «Սեվերստալ Գրուպ», «Պրոմսվյազբանկ», «Գազպրոմբանկ» և «Norman Asset Management»։ Եղել է նաև տնտեսական գծով խորհրդական Ռուսաստանում գործող Բրիտանական միջազգային զարգացման գործակալությունում (DFID)։ Զբաղեցրել է ՀՀ սփյուռքի փոխնախարարի պաշտոնը՝ ղեկավարելով հատկապես հայրենադարձության, ԱՊՀ երկրների և երիտասարդական ծրագրերը։ 2012 թվականին դարձել է Repat Armenia («Վերադարձ Հայաստան») հիմնադրամի համահիմնադիր և գործադիր տնօրեն։ Վարդան Մարաշլյանը «Արար» հիմնադրամի խորհրդի և «5165» ակումբի անդամ է, ինչպես նաև «Աջակցենք մեր պաշտպաններին» ու «Երևան Կիսամարաթոն» նախաձեռնությունների ակտիվ մասնակից և աջակից։

banner-join-new-1banner-join-new-hover-2