Հռչակագիր

Ազգային Օրակարգ Կուսակցության Հռչակագիր

Արդի ժամանակաշրջանում Հայ ազգը կանգնած է անկախ պետականության վերակերտման, ազգային պետության և առողջ հասարակության ձևավորման կենսական մարտահրավերների առջև: Անցյալում ունեցել ենք թե՛ փառահեղ հաղթանակներ և թե՛ ծանր պարտություններ, թե՛ քաղաքակրթական սխրանք և՛ թե օտարի լծի տակ ապրելու անպատվություն։ Մենք, որպես պետություն և հանրություն, որոնման մեջ ենք՝ կառավարման և կեցության այն սկզբունքների և ձևերի, որոնցով կապահովվի Հայաստանի և Հայ ազգի լիարժեք կենսագործունեությունը և կայուն զարգացումը: Այդ որոնումն ընթանում է ներքին ցնցումների և նորացման ճիգերի միջով, ինչի ականատեսն ենք մենք պարբերաբար լինում։

Դրան զուգահեռ շարունակվում է պայքարը` ապահովելու մեր արտաքին անվտանգությունը և մեզանից խլված բնական կենսատարածքի ազատագրումը։ Մեզ շրջապատող աշխարհը նույնպես լի է բուռն զարգացումներով՝ աշխարհաքաղաքական և քաղաքակրթական հակասությունների սրում, ֆինանսա-տնտեսական անկայունություն, տեխնոլոգիական ճեղքում և համաշխարհայնացում: Այս իրավիճակը Հայաստանի ու Հայ ազգի համար ստեղծում է լուրջ վտանգներ, բայց և բացում է մեծ հնարավորություններ:

Այսօր կանգնած լինելով հայոց պատմության վճռորոշ փուլում, վերաիմաստավորելով անցյալը և հայացքով դեպի ապագան՝ գիտակցում ենք մեր պատասխանատվությունը և իրավունքը` կերտելու համայն հայության ազգային պետությունը և այդ միտումով հռչակում ենք ԱԶԳԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Մեր տեսլականը և առաքելությունը

Տեսնում ենք Հայաստանը ազատ և կենսունակ, անվտանգ ու ապահով, նորարար և մրցունակ:

Հայաստան և Հայ հանրություն, որի համբավն է բարձրորակությունն ու բարձրակարգությունը հանրային և մասնավոր կյանքի բոլոր դրսևորումներում:

Հայաստան, որը Հայ ազգի լիարժեք ինքնիրագործման և զարգացման գլխավոր երաշխավորն է, համայն աշխարհի հայության շահերի կենտրոնն ու պաշտպանը:

Հայաստան, որը պաշտպանն է ազգային կենսատարածքի և ժառանգության ու հետևողական պահանջատերն է մեր հավաքական իրավունքի։

Հայաստան, որը վերականգնել է համաշխարհային քաղաքակրթական հոլովույթներում իր ճանաչված դերն ու հռչակը:

Հայաստան, որը Արևելք-Արևմուտք, Հյուսիս-Հարավ ներդաշնակ և արդյունավետ երկխոսության, մշակութային համադրության կարևոր հանգույց է, որը տալիս է համամարդկային խաղաղ գոյակցության ու կայուն զարգացման բանաձևեր և լուծումներ:

Տեսնում ենք Հայրենիքը Պետություն դարձած և Պետությունը՝ Հայրենիք, որպես միաձույլ մի հասկացություն՝ ՀԱՅԱՍՏԱՆ:

Մեր հիմնական սկզբունքները

Առաքինություն: Առաքինությունն է մեր տեսլականի և առաքելության իրագործման հիմնական բանալին: Առաքինություն ասելով մենք հասկանում ենք հավատամքի, խոսքի և գործի միասնություն, պրոֆեսիոնալիզմ ու պատասխանատվություն, բարձրակարգություն և բարձրարժեքություն ամեն ինչում:

Արարում և զարգացում: Հայության ուղին մշտպես արարելն է, դա մեր ինքնարտահայտման բարձրագույն ձևն է։ Միայն արարման միջոցով է հնարավոր ապահովել երկրի հարատև զարգացումը հինգ հիմնական փոխկապակցված ուղղություններով՝ տնտեսական, բնապահպանական, սոցիալական, հոգևոր և մշակութային: Զարգացումը հարատև է, եթե յուրաքանչյուր սերունդ հաջորդին ժառանգում է ավելի առողջ և բարեկարգ հայրենիք՝ բնություն, բնակավայրեր ու ենթակառույցներ, մշակույթ և ավանդույթ, ոգի ու գենոֆոնդ:

Ազատություն և պատասխանատվություն: Արարումը հնարավոր է ազատության լիարժեք իրագործման ճանապարհով։ Ազատ ապրելու և զարգանալու իրավունքը անպայմանորեն զուգակցվում է համարժեք պատասխանատվությամբ: Պատերնալիզմը և ամբոխավարությունը ազատությանը հակոտնյա են և մերժելի: Հասարակական-քաղաքական համակարգի հիմքը Ազատ մարդն է՝ իր գիտակից և պատասխանատու ընտրությամբ։

Արդարություն և հավասար հնարավորություններ։ Հայաստանում արդարությունը պետք է երաշխավորված լինի իր բոլոր դրսևորումներով, ներառյալ օրենքի գերիշխանություն, բարձրորակ արդարադատություն, հանրային բարիքների հավասար մատչելիություն և խելամիտ բաշխում։ Հայաստանում քաղաքացիների համար պետք է ապահովված լինեն նպաստավոր պայմաններ և հավասար հնարավորություններ՝ ազատ ստեղծարարության ու բարեկեցության համար։

Անվտանգություն։ Հայ ազգի հավաքական կյանքը սեփական երկրում հնարավոր է միայն այն դեպքում, երբ երաշխավորված է նրա ներքին և արտաքին անվտանգությունը։ Այն պահանջում է պետության և հասարակության խոր փոխհամաձայնություն, շարունակական աշխատանք ու անվերապահ նվիրում՝ ստեղծելու և զարգացնելու տարածաշրջանում առավել արդյունավետ անվտանգության համակարգ, ներառյալ առավել մարտունակ բանակ: Արտաքին անվտանգության պարագայում հրամայական է նախաձեռնողական քաղաքականության իրականացումը՝ առկա և հետագա վտանգներին ու սպառնալիքներին արդյունավետ հակազդելու նպատակով։ Ազգային պետությունը պետք է անի առավելագույնը միջազգային իրավունքի շրջանակում Հայոց Ցեղասպանությանն ու Հայրենազրկմանը համարժեք փոխհատուցում ստանալու համար և ապահովելու, որ Արցախի միացումը Հայաստանի Հանրապետությանը ճանաչվի որպես այդ ուղղությամբ առաջին և անվերապահ քայլ։

Մշակութային վերափոխում: Քաղաքակրթական զարգացումը հանրությունից մշտապես պահանջում է ինքնահաղթահարում, մշակութային վերածնունդ և վերափոխում: Մշակույթը մենք հասկանում ենք իր լայն իմաստով՝ արվեստ և կրթություն, ավանդույթ ու ծես, հաղորդակցության ձևեր, երկխոսություն և համագործակցություն, տնտեսվարում ու պետական կառավարում, քաղաքականություն և պատերազմ: Քաղաքակրթական վերելքը կայուն և արգասավոր կարող է լինել միայն այն դեպքում, երբ հիմնված է բարձր մշակույթ կրող անհատների, հանրության ու հաստատությունների վրա:

Արդիական և արդյունավետ պետություն: Հայաստանում պետության գործառույթները պետք է կենտրոնանան ազատության, արդարության և անվտանգության երաշխավորման վրա։ Պետությունը պետք է սոցիալական քաղաքականության միջոցով ապահովի հասարակության համաչափ զարգացումը, և հնարավոր նվազագույնի հասցնի իր անմիջական ներգրավվածությունը տնտեսության մեջ։ Պետությունը պետք է առաջնորդի հայության ընդհանրական ազգային նպատակների ձևակերպման գործընթացը և լայն ազգային համաձայնության հիման վրա ապահովի դրանց իրացումը։ Ազգային պետությունը պետք է լինի արդիական, նախաձեռնող և արդյունավետ:

Մենք

Այսօր մենք քաղաքական հայտ ենք ներկայացնում, քանի որ ցանկանում ենք հանրությանը տրամադրել իրական հնարավորություն՝ համատեղ ձևավորելու մեր արդի ազգային օրակարգը և կերտելու մեր երազած ազգային պետությունը։ Մեզանից յուրաքանչյուրը երկար ճանապարհ է անցել, ունեցել մասնագիտական հաջողություններ և ձեռք բերել ճանաչելիություն` միաժամանակ իր կարողությունների զգալի մասը ներդնելով հանրային գործունեության մեջ։ Մեր ջանքերը մշտապես ի սպաս ենք դրել երկրի զարգացման հիմնական գերակայություններին՝ մասնավորապես օժանդակելով անվտանգության ամրապնդմանը, տնտեսական զարգացմանը, միջազգային հեղինակության բարձրացմանը, արդիական կրթահամակարգի ձևավորմանը և հայրենադարձությանը։

Այսօր բարձրացնում ենք մեր ներգրավվածությունը որակապես նոր մակարդակի և պատրաստ ենք մեր դավանած սկզբունքները, ընդհանրական ազգային մտածելակերպը ու մասնագիտական ներուժը լիարժեք ի սպաս դնել հանրությանը։ Մենք նախաձեռնում ենք նոր քաղաքական ուժի ստեղծում և կոչ ենք անում մեր համախոհներին միանալ մեզ` համատեղ ջանքերով ձևավորելու հանրային վստահություն և քաղաքական իշխանության իրացման միջոցով իրականություն դարձնելու ազգային պետությանը վերաբերող մեր հավաքական իղձերը։

«Ազգային օրակարգ» կուսակցության հիմնադիր հանձնախումբ

Ավետիք Չալաբյան
Արա Գասպարյան
Արա Հակոբյան
Իգոր Զարգարյան
Հայկ Շեկյան
Վարդան Մարաշլյան